«Անձնական վիրավորանքներ հասցնելն անթույլատրելի է»

by on 2009/06/25  •  In ԶԼՄ-ներում

Report.am

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով երեկ հանրապետության հրապարակում Վրաստանի նախագահին Ջավախքի հիմնախնդիրները լսելի դարձնելու նպատակով կազմակերպված ցույցը հատկապես բռնի մեթոդներով ցրվեց, որպեսզի պարոն Սաակաշվիլին «հանկարծ չհանդիպի որեւէ ցուցարարի եւ ամբողջ նպատակն այն էր, որ հրապարակը նրանցից դատարկ լինի: «Այն, ինչ երեկ կատարվեց, հիշեցնում է հունահռոմեական ըմբշամարտ»,- ամփոփեց դաշնակցական գործիչը Մամուլի ազգային ակումբում, ավելացնելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են Վրաստանի նախագահին զրկում այդ իրականությունը տեսնելու հնարավորությունից:

«Մի քիչ անհասկանալի էր, այն պատվո շքանշանը, որ տրվեց… Երբ մեր նախագահը վերջին անգամ այցելեց Թբիլիսի, այնտեղ Միրզախանյան սրբազանի կողմից հնչեց վիրահայության եւ հատկապես ջավախքի հայերի խնդիրների մասին, եւ այդ մի քանի ամսվա մեջ հաստատ կարելի է ասել, որ Սաակաշվիլին նոր գործ չի արել»,-այսքանով ամփոփվեց Ջավախքի թեման:

Հայ-թուրքական հարաբերությունների կամ «ֆուտբոլային դիվանագիտության» մասին խոսելով, Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով, իսկ հայկական կողմը չի ուզում տեսնել դա. «Եվ չենք հայտարարում, որ նման նախապայմանների դեպքում մենք բանակցություններից դուրս ենք գալիս»: Իսկ ՀՅԴ ցանկանում է, որ «Հայաստանը հայտարարի, թե քանի որ Թուրքիան սկսել է նախապայմաններով խոսել, մենք այս բանակցություններում չկանք: Բայց կասկածում եմ, որ նախագահը այդ քայլին կգնա»,- քանի որ Մանոյանը մոտ տպավորություն կա, որ ՍերԺ Սարգսյանը բանակցում է պարզապես աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը բանակցությունների կողմնակից պետություն է:
Դաշնակցական գործիչը անդրադարձավ նաեւ հարեւան Իրանում տեղի ունեցած իրադարձություններին: Հիմնական մտահագությունը՝ որ հանկարծ այս երկրում սկսված ապակայանուացման գործընթացներում բանը չհասնի երկրի մասնատմանը, քանի որ այդպիսի վտանգ Մանոյանը տեսնում է:

ՀՅԴ- «Ժառանգություն»- ՀԱԿ հնարավոր համագործակցությանն անդրադառնալով, Կիրո Մանոյանը շատ տեսականորեն, միայն որպես անձնական կարծիք ասաց, որ կյանքում ոչինչ չպետք է բացառել:

ԵԽԽՎ բանաձեւը, ըստ դաշնակցական գործչի, որոշ առումով համարժեք է հայաստանյան իրողություններին, քանի որ դրանք ճիշտ են գնահատված: Մանոյանը կարծում է, որ լավ է նաեւ այն, որ մեր նկատմամբ մոնիտորինգը շարունակվում է, «քանի որ մենք այլ լեզու չենք հասկանում» եւ մյուս կողմից, որ մեր երկրի նկատմամբ չկիրառվեց մտրակի քաղաքականությունը: Նախեւառաջ, որովհետեւ դա արդյունավետ չի, քանի որ իշխանությունները կանցնեին խուլ ինքնապաշտպանության:

Կիրո Մանոյանը դեմ է «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված արշավին: Քաղաքականության մեջ չի կարելի անձնական վիրավորանքներ հասցնել, բայց նաեւ չի համարում, որ ադրբեջանցի պատվիրակներից կամ թուրքերից ստորագրություն վերցնելը քաղաքականապես ճիշտ էր:

«Երբ Տեր-Պետրոսյանի ժամանակ ես միջազգային հավաքի ժամանակ Հայաստանում տիրող իրավիճակի մասին մասնակիցներին տեղեկացնում էի, իսկապես վատ զգացի… Դա առաջին եւ վերջին անգամն էր եւ չեմ ցանկանում, որ մեկը այդ իրավիճակում հայտնվի, որովհետեւ մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել ներսում»:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ՝ 907 ուղղումը ուժի մեջ թողնելու որոշումը Հայ դատի գրասենյակի հայաստանյան պատասխանատուն դրական է համարում: Հիմա, ըստ նրա, պետք է հետամուտ լինել, որ այն ամբողջությամբ կիրառվի։ Իսկ կոնոգրեսը, վստահ է Մանոյանը, ավելի կտրամադրի, քան առաջարկել է Սպիտակ տունը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *