Արցախյան հիմնախնդիրը շուտ կարգավորվող հարց չէ

by on 2009/06/19  •  In ԶԼՄ-ներում

Aysor.am

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր ասուլիսին իրենց կարծիքները հայտնեցին հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլի, հնարավոր հետևանքների, դրա համատեսքստում Արցախյան հիմնախնդրի կարգավորման և դրա հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

Կիրո Մանոյանը գտնում է, որ թուրքական կողմը պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել. ըստ բանախոսի Թուրքիան շարունակում է խոսալ նախապայմանների լեզվով` առաջ քաշելով թե ըստ Ադրբեջանի ցանկության Արցախի խնդրի կարգավորման հարցը, և թե գործադրելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հետապնդումը կասեցնելուն ուղղված քայլեր: «Մեկ անգամ ևս պետք է շեշտել, որ այսօր տակավին Հայաստանը կարող է ասել, որ այս պայմաններում, այսինքն` երբ Թուրքիան չի ուզում առանց նախապայմանների հարաբերությունները շարունակել, Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, որոնք փաստացիորեն կարելի է ասել, որ դադարեցվել են», – նշեց Կ.Մանոյանը` հավելելով, որ Հայաստանն այժմ կարող է ի լուր աշխարհին հայտարարել, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների բանակցություններ վարել:Բանախոսը գտնում է, որ ինչքան այդ քայլը Հայաստանի կողմից ուշանա, այնքան իրավիճակն ավելի կդժվարանա:

Երվանդ Բոզոյանն, իր հերթին, կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական բանակցությունները սառեցված են, ինչը Թուրքիային բավականին մեծ հաջողություններ է բերում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ըստ բանախոսի, մինչ այդ Անկարան իր իմիջի և այլ հարցերի առումով մեծ կորուստներ էր կրում թուրք-ամերիկյան հարաբերություններում, իսկ ստեղծված անորոշ վիճակից թուրքական կողմը սկսեց հսկայական օգուտներ քաղել:
Ըստ բանախոսի, հայ-թուրքական խնդիրը լրջորեն ընդհանրապես չի քննարկվել: «Ես ինքս հետևողական կողմնակից եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց պետք է հասկանանք, թե որն է այդ գինը»,- նշեց նա, հավելելով, որ այդ գինը կարող է լինել Հայաստանի անվտանգության խնդիրը:

Ե.Բոզոյանը մտավախություն հայտնեց, որ այս բանակցությունները լեգիտիմ հիմք ստեղծեցին, որ Անկարան տարբեր հարաբերություններում բարձրացնի Արցախյան հիմնախնդիրը և առաջարկի նոր ֆորմատներ, նամանավանդ, որ Թուրքաիան ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի պարտականությունները:

Կ. Մանոյանը ևս համաձայնվեց Ե.Բոզոյանի այդ տեսակետի հետ, նշելով, որ թուրքական արտգործնախարարն արդեն հանդես է եկել առաջարկով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը մտցնել կառույցի օրակարգ:

Բանախոսները հույս հայտնեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են դեմ արտահայտվել այդ հարցը անվտանգության խորհրդում քննարկելուն և վետո դնել ցանկածաց ոչ հայանպաստ որոշման վրա: Կ.Մանոկանը և Ե.Բոզոյանը միասնաբար նշեցին, որ Արցախյան հիմնախնդիրը շուտ կարգավորվող հարց չէ, իսկ Հայաստանում նկատվում է վարած քաղաքականության ճշգրտում, ինչի մասին, ըստ բանախոսների, վկայում են փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կողմից «Առավոտ» օրաթերթի հետ հարցազրույցում նշված շեշտադրումները:

Անդրադառնալով ֆուտբոլային դիվանագիտությանը, Երվանդ Բոզոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց չգնալ Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպմանը: «Իմ կարծիքով, եթե նա չգնա, ապա իրական շտկումներ կլինեն», – կարծիք հայտնեց բանախոսը:

Իր հերթին Կ.Մանոյանը գտնում է, որ մինչև հոկտեմբեր, երբ պետք է տեղի ունենա պատասխան ֆուտբոլային խաղը, Թուրքիան իր բոլոր լծակները կօգտագործի, որպեսզի Հայաստանի նախագահը մեկնի այնտեղ, նույնիսկ պատրաստ կլինի մեկ կամ մի քանի օրով բացել սահմանը հայկական պատվիրակության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *