Մինսկի խումբը փակուղու առջև է. Կիրո Մանոյան

by on 2013/04/05  •  In ԶԼՄ-ներում, Հարցազրոյցներ

MGՄինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան վերջին այցի և այդ այցի շուրջ լրատվամիջոցների ու հանրային հետաքրքրության պակասի պատճառների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: «Կարծում եմ՝ դա արտացոլումն է այն իրավիճակի, որը այսօր կա: Հատկապես ադրբեջանահունգարական գործարքից հետո իրականում բանակցությունները մտել են փակուղի, կարծում եմ համանախագահողների ճիգն այն է, որ պարզապես ցույց տան, որ գործընթացն առնվազն կա: Հիմա գործընթացը կա, միգուցե իմաստալից չէ, որովհետև ինչ-որ արդյունք չկա, բայց կարծում եմ իրենց համար նախընտրելի է լինի ինչ-որ բանակցության մարզանք կամ ձև, թեկուզ բովանդակության մեջ բան չկա: Բովանդակության մեջ բան չկա հիմնականում Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո, պարզ էր, որ ինքը փորձելու էր ԵԱՀԿ-ում համանախագահների կողմից ստեղծված մոտեցումներին հակառակ քայլեր ձեռնարկել, պարզ է, որ իրեն առ այսօր չի հաջողվել հարցը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ հակառակ այն պոռոտախոսություններին, որ հայկական կողմը անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Բայց ոչ մշտական անդամ Ադրբեջանը չի հաջողել այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս պահից արդեն հստակ էր, որ դրական տեղաշարժ չի լինելու»,- նշեց Կիրո Մանոյանը:

Վերոնշյալի հիման վրա Մանոյանը նշեց. «Միջազգային հանրությունը, ըստ էության, քայլեր ձեռնարկելու մեծ հնարավորություններ չունի, քանի որ իրենց ներկայացրած լուծման սկզբունքները որպես սկզբունք հայկական կողմի համար ընդունելի են, բայց դրանց կիրառման իրենց հասկացողությունը անընդունելի է, այսինքն՝ ամեն ինչ բերել և համեմատել 1988-ի իրավիճակի հետ անընդունելի է, բայց որ կարևոր հատկանիշ կա՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, դա բնականաբար ընդունելի է: Մյուսը, որ պետք է խաղաղությամբ լուծվի, Ադրբեջանը դժգոհ է սրանից, հատկապես այդ ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և միշտ էլ պիտի փորձի բանակցությունները տապալել՝ առանց երևալու, որ ինքն է տապալում»:

Եզրափակելով՝ Կիրո Մանոյանը նշեց, որ իր նշած գործընթացներից և հատկապես ադրբեջանահունգարական գործարքից հետո Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին շեշտը դնել Ստեփանակերտի օդանավակայանի վրա՝ նշելով, թե դա կվնասի բանակցություններին, «կարծես թե բանակցություններում առաջընթաց կար»:


Ադրբեջանը և Երևան-Վան ավիաչվերթը

Վերջին օրերին տարածաշրջանում կատարված մի շարք իրադարձությունների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: Մեր զրուցակիցը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներին և Երևան-Վան ավիաչվերթի հետաձգմանը, նշեց, որ իր կարծիքով այդ իրադարձությունները կապված չեն միմյանց հետ, սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը կապ չունի Վան-Երևան չվերթի հետաձգման հետ. «Ես չէի կապի այդ երկու հարցերը իրար հետ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը կապ չունի Վան-Երևան չվերթի՝ թեկուզ ժամանակավոր հետաձգման հետ: Չէի կապի, որովհետև ռազմաճակատի վրա Ադրբեջանի քայլերը կարծես թե արդեն դարձել են սովորական վարժություն. ամեն անգամ, երբ տարածաշրջան են այցելելու համանախագահները, Ադրբեջանը ուզում է իր բողոքը հայտնել իրենց առաջարկած՝ լուծման համար սկզբունքների նկատմամբ՝ այսպես ասած վախեցնելու փորձով, և այդ կուտակումների նպատակը, կարծում եմ, հիմնականում դա է, մյուս կողմից կարծում եմ նաև, որ Ադրբեջանի պատճառով է՝ Վան-Երևան թռիչքը հետաձգվեց: Հետաքրքիր է, կարծում եմ, որ Թուրքիան, պարզ է, որ միայն Ադրբեջանի ցանկություններին կամ ճնշումներին տեղի տալով չէ, որ անում է, այլ փոխարենը ինչ-որ բան է ստանում Ադրբեջանից, այսինքն ինչ-որ տեղ առևտուր է, ոչ թե Ադրբեջանը վախեցրել է Թուրքիային, այլ պարզապես Ադրբեջանի գործոնով է պայմանավորված»,- նշեց Կիրո Մանոյանը:

Մանոյանը փաստեց նաև, որ այդ թռիչքի կայացումն ու ընդհանրապես տարածաշրջանում կայունության պահպանումը բխում է ԱՄՆ շահերից, սակայն թուրքական ներկայիս իշխանությունները միշտ չէ, որ վարում են ԱՄՆ շահերին համահունչ քաղաքականություն, սակայն նշեց, որ թռիչքներ հետաձգել է Ադրբեջանի հետ ինչ-որ առևտրի արդյունքում, չի բացառվում, որ ԱՄՆ հետ մեկ այլ առևտրի արդյունքում որոշ ժամանակ հետո թույլատրի. «Հատկանշական է, որ եթե հանկարծ թռիչքները իսկապես ջնջվեն, դա ավելի վատ ազդեցություն կունենա արդեն գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունների վրա, այնպես, ինչպես արձանագրությունները ստորագրվեցին և չվավերացվեցին Թուրքիայի կողմից, ունեցան ավելի վատ ազդեցություն, քան իրավիճակն էր մինչ արձանագրությունների ստորագրումը»,- նշեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով քրդական հարցի լուծման համար ստեղծված Ավագանու կազմում ազգությամբ հայ, ZAMAN թերթի լրագրող Էթյեն Մահչուբյանի նշանակմանը՝ Կիրո Մանոյանը նշեց, որ չպետք է չափից ավելի մեծ ոգևորությամբ ընդունել այդ քայլը, քանի որ իրականում Մահչուբյանը ազգությամբ հայ թուրք մտավորական է, ով ավելի լավ ծանոթ է թուրքական հարցերին, քան հայկական, և այդ նշանակումը ավելի շատ բացատրվում է նրա՝ առաջադեմ մտավորականի կեցվածքով: Մանոյանը շեշտեց, որ երբ ինքն ասում է «թուրք մտավորական», դա բացարձակ բացասական ենթատեքստ չունի, և Մահչուբյանը առաջադեմ թուրքական մտավորականության ներկայացուցիչներից է: Կիրո Մանոյանը հավելեց նաև, որ Մահչուբյանի նշանակումը իր դրական ազդեցությունը կունենա, սակայն չպետք է գերագնահատել նրա հայկական ծագումը միջպետական հարաբերություններում:

Աղասի Մարգարյան
ԳԱԼԱ ՀԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *