Իմ անձնական երկար պատասխանը մի կարճ հարցի

by on 2012/05/17  •  In Հարցազրոյցներ

Լրագրող (եւ գրող ու բլոգգեր) Վահան Իշխանյանը երեկ ինձ հարց տվեց.- «Հարգելի Կիրո Մանոյան, կցանկանայի իմանալ կիսում եք արդյո՞ք ձեր ընկերոջ՝ պատգամավոր Արծվիկ Մինայսնաի հետևյալ տեսակետւ DIY ակումբը հրդեհելու կապակցությամբ «Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»:»


Իմ պատասխանը.

– Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝ ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանավոր-իրավապահ իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու։ Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս եւ անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել։

Միաժամանակ, չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ։ Ինձ թվում է, որ հանդուրժողականության անունով հանդես եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում պարզապես, որովհետեւ խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են. նույնն է՝ թէ այդ մարդկանց ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը եւ բոլոր քրիստոնյաներին։ Ինձ թվում է, որոշ շրջանակներ հարմար առիթ գտան մեկ կողմից հասարակության գոնե մի հատվածի ուշադրությունը շեղելու երկրում առկա բազմաթիվ եւ ծանրակշիռ խնդիրներից, մյուս կողմից՝ հարվածի տակ դնելու Դաշնակցությանը, ով թեեւ խորհրդարանական ընտրություններից աթոռների տեսքով եղավ ամենաշատ կորցնողը, բայց շնորհիվ իր վարած փայլուն քարոզարշավին՝ կարեւոր ընտրախավ ձեռք բերեց։

ՀՅԴ-ի դեմ այս քարոզչությունը հասավ նրան, որ դաշնակցական երիտասարդներ սկսեցին հայտարարել. «Եթե ազգդ, հայրենիքդ ու ընտանիքդ ուզում ես պաշտպանել թշնամուց, գյոթից, ու դավաճանից ուրեմն Ֆաշի՞ստ ես: Եթե այդպես է ապա ես ֆաշիստ եմ, նացիստ ու ցեղակրոն»։ Նման տեսակետ ունեցող իմ երիտասարդ կուսակիցներին ու մեր համակիրներին խորհուրդ կտայի, թե ամենալավն ու ամենաճիշտը դաշնակցակա՛ն լինելն է. այսինքն՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավար եւ հեղափոխական, ու բոլոր ուժերով պայքարել հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակույթային բովանդակ շահերի պաշտպանության համար, ձգտելով Հայ Դատի լուծմանը.- ամբողջական հայությամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը։ Այլ խօսքով՝ հակաֆաշիստ, հականացիստ ու ո՛չ ցեղակրոն։ Պետք չէ տուրք տալ ուրիշների քարոզչությանը եւ ընկնել իրենց լարած թակարդի մեջ՝ գործածելով իրենց կարծրատիպերը, հատկապես երբ ունես քո՝ ՀՅԴ-ի սեփական հստակ գաղափարախոսությունը։

Առիթից օգտվելով, ուզում եմ նաեւ անդրադառնալ այս հարցի շուրջ Սփյուռքում ստեղծված արձագանգներին, հատկապես՝ Հյուսիսային Ամերիկայում։ Փաստ է, որ այդ արձագանգը բնականաբար նաեւ ազդված է տեղի քաղաքական մթնոլորտից, քաղաքական օրակարգից։ Տեղերում քաղաքական մթնոլորտի եւ օրակարգի բնական ազդեցությունն է նաեւ պատճառը այն փաստի, որ այս հարցը նույն ձեւի հնչեղություն չունեցավ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հյուսիսային Ամերիկայում արձագանգողների մեջ էլ կան երկու խմբեր. մեկը՝ փորձում է առիթից օգտվել եւ ՀՅԴ-ի դեմ իր կեցվածքը «հիմնավորել», մյուսը՝ առավելաբար դաշնակցական երիտասարդներ, ովքեր կատարվածների մեջ տեսնում են իրենց անդամակցած կամ համակրած կուսակցության սկզբունքների խախտում։ Ինձ հետաքրքրողը այս երկրորդ խումբն է, որովհետեւ նրանք իսկապես սրտացավ են եւ նրանց համար հարցը սկզբունքային ու գաղափարական է։ Այս երիտասարդներին խորհուրդ կտայի չվհատվել, չհիասթափվել եւ չհուսահատվել. ճիշտ ձեւով շարունակել ընդհանուր գաղափարական պայքարը, հաշվի առնելով ու գիտակցելով, որ խնդիրների առկայությունն է այդ գաղափարական պայքարի պատճառը, այլապես՝ եթե ամեն ինչ լիներ իդեալական վիճակում՝ գաղափարական պայքարի կարիք չեր էլ լինի։ Նաեւ՝ կարեւոր է հաշվի առնել տարբեր հասարակություններում մտածողությունների հոլովույթի հանգրվանների տարբերությունները եւ այդ գաղափարական պայքարը համապատասխանեցնել այդ քաղաքական իրականություններին։ Այլապես՝ գաղափարական անշահախնդիր պայքարը ոչ միայն օգտակար կարող է չլինել, այլ ընդհակառակը՝ կարող է նույնիսկ վնասել բուն նպատակին։

Ահա այսքան երկար պատասխան՝ ձեր կարճ հարցին, բայց դա բխում է խնդրի բազմաշերտ ու բազմակողմանի էությունից։

One Response to Իմ անձնական երկար պատասխանը մի կարճ հարցի

  1. Pingback: ‘ARF has No Phobias,’ Says ARF Bureau Member | Asbarez Armenian News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *