Դաշնակցությունն ընդունում է, որ թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի կողմից հանդիպման առաջարկներ եղել են

by on 2001/08/07  •  In ԶԼՄ-ներում

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն (ՀՅԴ) այսօր ընդունել է, որ տեղեկացված է եղել թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի ստեղծման մասին՝ լուրը հրապարակելուց մի քանի ժամ առաջ: ՀՅԴ-ի ներկայացուցիչն ասել է, որ ավելի ուշ անգամ հանդիպում են ունեցել հանձնախմբի որոշ անդամների հետ: Ազդեցիկ ազգայնական կուսակցությունը, սակայն, շարունակում է հերքել, թե տեղյակ է եղել վիճահարույց նախաձեռնությանը վերաբերող հուլիսի 9-ի պաշտոնական հայտարարությանը նախորդող գաղտնի հանդիպումների մասին:

Շաբաթ օրը ամերիկյան «Կռունկ» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամներից երկուսը՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը եւ մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ասել էին, թե Դաշնակցության ղեկավարներին առաջարկվել էր «անձամբ հանդիպել» եւ «փաստական տեղեկատվություն» ստանալ նախաձեռնության մասին: Նրանց պնդմամբ, կուսակցությունը հրաժարվել է նախնականորեն համաձայնեցված հանդիպումից:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը երեկ կտրականապես հերքել էր դա, ասելով, թե հանձնախմբի անդամները «պարզապես փորձում են արհեստականորեն ընդլայնել նախաձեռնությունը պաշտպանող մարդկանց կամ կազմակերպությունների շրջանակը»:

Դաշնակցության բյուրոյի քաղաքական գործավար Կիրո Մանոյանն այսօր ընդունեց, որ կուսակցությունը ստացել էր հանդիպելու առաջարկություն: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիրո Մանոյանը, առաջարկությունն արվել էր մի անձնավորության կողմից, որը ներկայացնում է հանձնախմբին մոտ կանգնած մի կազմակերպություն, որի անվանումը Մանոյանը չճշտեց: Ըստ Մանոյանի, հանդիպումը «հնարավոր չեղավ», քանի որ նախաձեռնության մասին իրենց չափազանց ուշ էին տեղեկացրել:

Մանոյանն ասաց նաեւ, որ կիրակի օրը ՀՅԴ բյուրոն նույն աղբյուրից ստացել է նոր առաջարկություն՝ տեղեկությամբ, թե «նախկին առաջարկությունն ուժի մեջ է»: Նա հայտնեց, որ Դաշնակցությունն այս ընթացքում հանձնախմբում հայկական կողմը ներկայացնող չորս անդամներից ոմանց հետ հանդիպումներ է ունեցել: Մանրամասներ չհաղորդեց:

Թուրք-հայկական հարաբերությունները բարելավելու նպատակով ստեղծված հանձնախմբին մոտ կանգնած վստահելի աղբյուրը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է իր թերահավատությունը հանձնախմբի անդամների եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների միջեւ հանդիպումների հավանական լինելու վերաբերյալ: «Մեկին փողոցում կամ որեւէ ընդունելության ժամանակ տեսնելը դեռ «հանդիպում» չէ», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է իր անունը հրապարակել չցանկացած աղբյուրը:

Դաշնակցությունը, որը հատկապես ազդեցիկ է Սփյուռքում, այս նախաձեռնությանը կտրականապես հակադրվողների առաջին գծում է, այն գնահատելով որպես Թուրքիայի հնարք՝ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տապալելու» նպատակով: «Միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո… կարող է արդյունավետ լինել որեւէ հայ-թուրքական երկխոսություն», – ասված է կուսակցության բյուրոյի հուլիսի 13-ի հայտարարության մեջ: Ռոբերտ Քոչարյանին մեծապես սատարած ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, անցած ամիս ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն ու պատգամավորական խմբակցություններն ընդունել էին հանձնախմբի ստեղծման ու գործունեության առնչությամբ մտահոգություն արտահայտող հայտարարություն:

Ըստ Մանոյանի, Դաշնակցությունը, որը պահանջել էր, որ պաշտոնական Երեւանը խուսափի հանձնախմբի աշխատանքներում ներգրավվելուց, հարցի նկատմամբ իր դիրքորոշումը ձեւավորել է հանձնախմբի անդամների հետ ունեցած գաղտնի հանդիպումներից հետո: Նա կտրականապես հերքեց Վան Գրիգորյանի եւ Անդրանիկ Միհրանյանի հայտարարությունները, թե բյուրոյի առնվազն մեկ անդամ տեղյակ է եղել հանձնախմբի ստեղծմանը նախորդած ամիսներին հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին:

Էմիլ Դանիելյան
Azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *