«Սերժ Սարգսյանը շեղվել է գծից»

by on 2009/07/28  •  In ԶԼՄ-ներում


a1plus.am

«ԵԱՀԿ-ի համանախագահները երախտագիտություն են հայտնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ում ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել Մադրիդյան փաստաթղթի հիմքերը»,- ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի այս հայտարարությունն ամենեւին չի զարմացրել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին։ Իսկ, թե ինչո՞ւ` պարոն Մանոյանը մանրամասնեց «Ա1+»-ի հետ զրույցում:

– Պետք չէ նաեւ զարմանալ, որ Բրայզան նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Բրայզան նաեւ Ադրբեջանին դուր գալու խնդիր ունի եւ պատահական չէ, որ նույն հարցազրույցում նա նաեւ շնորհակալություն է հայտնում Ալիեւին եւ Մամեդյարովին` ասելով, որ նրանք նույնպես կառուցողական դերակատարություն ունեցան Մադրիդյան փաստաթղթում, եւ միաժամանակ պաշտպանում են իրենց ազգային շահը, այնպես, ինչպես դա անում են նրանց հայաստանցի պաշտոնակիցները: Այսինքն, Բրայզան մի կողմից փորձում է ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, մյուս կողմից` դուր գալ Ադրբեջանին: Ես վստահ չեմ, որ Բրայզան բոլոր համանախագահների անունից է խոսում, քանի որ Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպումից նա գոհ չէ եւ փորձում է ճնշումներն ավելացնել Հայաստանի վրա: Բրայզան իր հայտարարություններով ուզում է Սերժ Սարգսյանին եւ Նալբանդյանին ցույց տալ, որ ՀՀ -ի վրա ազդելու այլ լծակներ էլ ունի:

– Պարոն Մանոյան, մեր երկրում բոլոր ուժերը, այդ թվում իշխանությունները դեմ են Մադրիդյան սկզբունքներին, սակայն շարունակում են բանակցությունները նույն սկզբունքների շրջանակում: Օրինակ` իր վերջին ասուլիսում Էդուարդ Նալբանդյանը ասաց, որ հայկական կողմը հավանություն չի տվել Մադրիդյան փաստաթղթին, իսկ Բրայզան իր նույն հարցազրույցում շնորհակալություն է հայտնում հայտնում նաեւ Սերժ Սարգսյանին եւ Նալբանդյանին` նրանց շնորհիվ Մադրիդյան սկզբունքների շուրջ զգալի առաջընթացի համար: «Դրա շնորհիվ մեզ հաջողվեց հետեւում թողնել Մադրիդյան փաստաթուղթը։ Մենք այժմ հնարավորություն ունենք ավարտուն տեսքի հասցնել Հիմնարար սկզբունքները»,- ասել է Բրայզան: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Կարծում եմ Բրայզայի կողմից այդ մասին մատնանշելը դիտավորություն է` նա ուզում է ազդել մեր ներքաղաքական իրավիճակի վրա, իսկ մյուս կողմից եւ Քոչարյանը, եւ Օսկանյանը չեն թաքցրել, որ գոյություն ունեն Մադրիդյան սկզբունքները: Օսկանյանի եւ Քոչարյանի ոչ բոլոր մտքերն ու առաջարկություններն են տեղ գտել այդ փաստաթղթում:

– Եթե մենք այսօր ունենք նման փաստաթուղթ, դա չի՞ խոսում այն մասին, որ Քոչարյանն ու Օսկանյանը մեղմ ասած` ոչ ճիշտ, ոչ հայանպաստ քաղաքականություն են վարել:

– Չեմ կիսում, Ձեր տեսակետը, որ մեր երկրում բոլորը դեմ են Մադրիդյան սկզբունքներին:

– Իսկ ո՞վ է կողմ: ՀՅԴ-ն կողմ է Մադրիդյան սկզբունքներին:

– 1997թ. առաջարկների համեմատ, երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ դրանից հետո բոլոր առաջարկներն ավելի վատ են լինելու, փաստն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ավելի վատը չեն, քան 1997թ.-ինը:

– Կխնդրեի Մադրիդյան սկզբունքների առավելությունները նշեիք 1997թ. առաջարկների համեմատ:

– Օրինակ` ԼՂ-ի կարգավիճակի հարցը ավելի կոնկրետ է դրված 1997թ. համեմատ:

– Ինչո՞վ է ավելի կոնկրետ: Մադրիդյան սկզբուքներով ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂ-ի կարգավիճակը:

– Օրինակ, գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքներով ԼՂ-ի կարգավիճակը պետք է օրենքով հստակեցվի` ԼՂ-ի բնակչության կամքի արտահայտմամբ: Մարդիկ կարող է ասեն, ի՞նչ է դա նշանակում, բայց դա ավելին է, քան 1997թ:

– Իհարկե, մարդիկ այդպես էլ կասեն, քանի որ դա ոչինչ չի նշանակում եւ ԼՂ-ի կարգավիճակը շատ ավելի անորոշ է դառնում: Իսկ այդ ձեւակերպումը ՀՅԴ-ին բավարարո՞ւմ է:

– Իհարկե, ոչ, դա մեզ չի բավարարում: Եւ բանակցությունների ընթացքը մեզ չի կարող բավարարել, քանի դեռ ԼՂ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին: Համանախագահներից մեկի այն հայտարարությունը, թե ԼՂ-ն սկզբունքների մշակումից հետո պետք է մասնակցի բանակցություններին, դա լրիվ անհասկանալի եւ անընդունելի է մեզ համար: Մեզ համար անընդունելի է նաեւ այն, որ 1988թ. դեպքերը կարծես թե կանգ են առել: Անտեսվում է, որ ԼՂՀ բնակչությունն իր կարգավիճակի վերաբերյալ 2 անգամ իր կամքն արտահայտել է` 1991թ. եւ 2006թ հանրաքվեներով: Անտեսվել է, որ Արցախյան պատերազմը պարտադրված է եղել ԼՂ-ի բնակչությանը Ադրբեջանի կողմից: Այսօրվա մեր իրականությունը այդ պատերազմի հետեւանքն է: Այսօր ԼՂ-ի ժողովուրդը ագրեսոր Ադրբեջանին փոխհատուցելու ոչինչ չունի:

– Պարոն Մանոյան, նրանք, ովքեր այսօր չեն քննադատում Մադրիդյան սկզբունքները, նրանք անկե՞ղծ են:

– Ոչ: Ես անկեղծ չեմ հավատում, որ չքննադատողները անկեղծ են: Հոգու խորքում բոլորն էլ անհանգիստ են, որ այդ սկզբունքները կարող են ընդունվել: Օրինակ` Գալուստ Սահակյանը, նույն ՀՀԿ-ականներն այնքան գովերգեցին այդ սկզբունքները, որ Սերժ Սարգսյանը կարծես թե «ոչ» ասելու տեղ էլ չունի:

– Արմեն Ռուստամյանը իր ասուլիսում ասաց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, աջակցելու է Սերժ Սարգսյանին, որ նա որեւէ փաստաթուղթ չստորագրի: Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանն այնքան է խորացել, որ ՀՅԴ-ին էլ չի հաջողվի նրան հետ պահել փաստաթղթի ստորագրումից:

– Միշտ նախագահը այդ հնարավորությունը ունի: Մենք դրա համար էլ պահանջում ենք ԱԳ նախարարի հրաժարականը, որ նախագահը, եթե նման ցանկություն ունի, կարողանա հետ կանգնել այդ քայլից: Այսինքն, նախարար փոխելով` նախագահը կարող քաղաքական ուղղություն փոխել:

– Դուք հավատո՞ւմ եք, որ Էդուարդ Նալբանդյանից ինչ-որ բան է կախվա՞ծ: Նալբանդյանն արդեն ասել է, որ նույնիսկ չի պատրաստվում մեկնաբանել ՀՅԴ-ի պահանջը, քանի որ այն անլուրջ է: Այսինքն,Սերժ Սարգսյանը չի պատրաստվում փոխել իր քաղաքական ուղին: Ին՞չ եք պատրաստվում անել:

– Մենք փորձում ենք մեր կեցվածքը ճշտել իշխանությունների քայլերին համապատասխան: Եթե Սերժ Սարգսյանը չփոխի Նալբանդյանին, դա նշանակում է, որ նա գնում է մինչեւ վերջ, սակայն մենք հիմքեր չունեն ասելու, որ նա կգնա մինչեւ վերջ:

– Պարոն Մանոյան, ՀՅԴ-ն ընդդիմություն դարձավ, քանի որ տարաձայնություններ ուներ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հետ կապված, հատկապես ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություններում: Այսօր համանախագահները հաստատում են, որ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանը շարունակում է Քոչարյանի եւ Օսկանյանի քաղաքականությունը, որոնք Մադրիդյան սկզբունքների կնքահայրն են: Ինչո՞ւ ՀՅԴ-ն, իշխանության մաս լինելով, ժամանակին չկանխեց Մադրիդյան սկզբուքների ձեւավորումը:

– Նախ հստակեցնեմ, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ ուներ ոչ միայն արտաքին քաղաքականության հետ կապված, այլեւ սոցիալ-տնտեսական հարցերում: Մենք կոալիցիայի մեջ էինք գոնե արտաքին քաղաքականության վրա ազդելու համար, սակայն երբ տեսանք դա էլ չի լինում, այլեւս պատճառ չկար կոալիցիայի մեջ մնալու համար: Ինչ վերաբերում է, թե Քոչարյանի օրոք Մադրիդյան սկզբունքների ձեւավորմանը արգելելուն, ապա մենք այն ժամանակ էլ ենք քննադատել դրան, սակայն կանխելու հնարավորություն կունենայինք, եթե նախագահը մենք լինեինք:Մենք այն Քոչարյանի ժամանակ էլ ասացինք, որ այդ փաստաթուղթը առաջընթաց էր 1997թ. համեմատ, սակայն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք:

– ՀՅԴ-ն հիմա էլ նախագահի աթոռը չի զբաղեցնում, բայց ավելի հստակ եք ասում, որ դեմ եք Մադրիդյան սկզբունքներին: Ինչո՞ւ:

– Որովհետեւ այն ժամանակ Հայաստանի վրա այդքան մեծ ճնշումներ չկար, որ համաձայնվի այդ սկզբունքների հետ: Համանախագահների ճնշումները կապված են Թուրքիային բավարարելու համար: Ապրիլի սկզբից համանախագահները սկսեցին ուժեղացնել այդ ճնշումները: Եթե Հայաստանը համաձայնվի Հիմնարար սկզբունքների հետ, դրանից հետո կսկսեն ճնշել Թուրքիային` ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար: Մենք դրա համար քննադատում ենք ԱԳ նախարարին, որ ՀՀ-ն հայտնվեց այնպիսի վիճակում, որ իրենք էլ չէին պատկերացնում: Մենք տեսնում ենք, որ ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը շեղվել են մեր արտաքին անվտանգության հայեցակարգից:

– Նալբանդյանն արդեն ասել է, որ չի էլ պատրաստվում մեկնաբանել ՀՅԴ-ի հրաժարականի պահանջը: Ի՞նչ եք անելու, երբ Սերժ Սարգսյանը, ուշադրություն չդարձնելով ՀՅԴ-ի պահանջին, շարժվում է Ձեր նշած ոչ ճիշտ գծով:

– Մեր ազգային անվտանգության հայեցակարգը որ մշակեց հիմնական դերակատարը Սերժ Սարգսյանն էր: Հիմա փաստորեն նա շեղվել է այդ գծից:

– Դուք երաշխիք ունե՞ք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին եւ ընդհանրապես ԼՂ հարցում չի ստորագրի որեւէ ոչ հայանպաստ փաստաթղթի տակ:

– Ոչ. մենք չունենք որեւէ երաշխիք, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի, բայց հույս ունեք, որ նա հետ կգա իր ճանապարհից:

– Դուք մի քանի անգամ ասացիք, որ Մադրիդյան սկզբունքները ավելի լավ են, քան 1997թ. հայկական կողմին ներկայացված առաջարկությունները: Կնշե՞ք Մադրիդյան սկզբունքների առավելությունները:

– 1997թ. ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք չկար, լրիվ անորոշ էր, իսկ Մադրիդյան սկզբունքներում այդ անորոշությունը չկար:

– Այսինքն` Մադրիդյան սկզբունքներում ԼՂ-ի կարգավիճակը ինչո՞վ է հստակեցված, որեւէ հստակ բան չկա: Դուք հստակ պատկերացնո՞ւմ եք ԼՂ -ի կարգավիճակն այս սկզբունքների շրջանակում:

– Դրանք միայն սկզբունքները են, որոնք ասում են, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է քվարկությամբ լինի:

– Ի՞նչ քվեարկություն, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում, ովքե՞ր են քվեարկելու Դուք այս հարցերի պատասխանները պատկերացնո՞ւմ եք:

– Այդ սկզբունքների հիման վրա դեռ պետք է մշակվի խաղաղության ամբողջական փաստաթուղթը, որտեղ կետերով պետք է նշված լինեն: Եթե մենք այսօր այս սկզբուքներին համաձայնություն տանք, ապա ստիպված ենք լինելու կաշկանդվել այս սկզբունքներով հետագա բանակցություններում, դրա համար էլ ասում ենք, որ չպետք փաստաթուղթ ստորագրվի:

– Վարդան Օսկանյանը գտնում է, որ Մադրիդյան սկզբունքների ամենագլխավոր եւ հայկական կողմի համար կարեւոր կետն այն է, որ ամրագրվել է ինքնորոշման սկզբունքը: Կարո՞ղ եք ասել, փաստաթղթում ո՞ր կետում, որտե՞ղ է ամրագրված այդ սկզբունքը:

– Այն որ ասվում է, որ ԼՂ -ի ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը դա է, սակայն ԼՂ ժողովուրդը 2 անգամ իր կամքը արտահայտել է հանրաքվեով, երրորդ անգամ ասելու անհրաժեշտություն չունի: Այսօր հարցն այն չէ, թե Ադրբեջանը կճանաչի ԼՂ-ի անկախությունը թե ոչ, աշխարհը պետք է ճանաչի, իսկ աշխարհն այսօր պատրաստ չէ ճանաչելու համար: Միաժամանակ ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

– Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը մահապարտի կեցվածքով գնում է ԼՂ հարցում ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրմանը:

– Ես չեմ կարծում, որ այդպես է: Նախագահը շատ բացահայտ ապրիլին իր ասուլիսում ասաց, որ նա նաեւ Թուրքիայի հետ է գնում բանակցությունների` ոչ միայն այդ հարցերը լուծելու, այլ միջազգային հանրության առաջ կեցվածք դրսեւորելու համար: Այսինքն, նա կարող է Թուրքիայի հարցում «ոչ» չասել եւ սպասել, որ առաջին ոչ ասողը Թուրքիան լինի, որ վերջում Թուրքիային մեղադրեն եւ ոչ թե Հայաստանին:Նույնը կարող է լինել նաեւ ԼՂ-ի հարցում, այսինքն, սպասի, որ Մադրիդյան սկզբունքներին «ոչ» ասի Ադրբեջանը եւ ոչ թե ինքը, սակայն մենք դեմ ենք այդ մոտեցմանը, Հայաստանը չպետք է սպասի Ադրբեջանի մերժողական կեցվածքին: Հայաստանը պետք է հստակ ասի, որ սա այն հանգրվանն է, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին:

– Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի կեսերին կամ հոկտեմբերին նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:

– Փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի չի եկել: Ես պատահական չեմ համարում, որ հաջորդ հանդիպման համար նշանակված ժամկետը: Նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ հոկտեմբերի 14-ը ժամկետ է դրել Թուրքիայի առաջ` սահմանը բացելու համար: Միջնորդներին պետք է, որ այնպիսի իրավիճակ լինի, որ նրանք Թուրքիային կարողանա ասել, որ ԼՂ հարցում առաջընթաց կա եւ հիմա քո հերթն է քայլ անելու:

– Այսինքն` հաջորդ հանդիպմանը Սերժ Սարգսյանի կստիպե՞ն փաստաթուղթ ստորագրել:

– Փաստորեն`Թուրքիան հաջողել է, իսկ մենք ձախողել: Նկատի ունեմ Թուրքիան կարողացավ 2 հարցերը` ԼՂ-ն եւ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել մեկը մյուսով: Հայաստանը շատ հստակ այսօր կարող է շրջել իրավիճակն ասել, որ Թուրքիան մեզ հետ նախապայմաններով է խոսում, մենք դադարեցնում ենք բանակցությունները Թուրքիայի հետ: Այդ դեպքում ԼՂ հարցում Հայաստանի վրա ճնշումները կդադարեցնեն:

– Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի դադարեցնում Թուրքիայի հետ բանակցությունները, որի հիմքում ԼՂ հիմնախնդրն է հայտնվել:

– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ ԼՂ հարցում Ալիեւը ավելի շուտ «ոչ» կասի:

– Չե՞ք վախենում, որ կգա մի պահ, որ այլեւս ոչինչ չկարողանանք անել ԼՂ հարցում, նամանավանդ որ երաշխիք չունենք, որ Սերժ Սարգսյանը ոչ հայանպաստ փաստաթուղթ չի ստորագրի:

– Ոչինչ չի բացառվում, սակայն մենք ոչ կոալիցիայի անդամ ենք, ոչ զբաղեցնում ենք նախագահի աթոռը: Բայց մենք հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի մտքում այլ բան է:

– ՀՅԴ-ն մտքե՞ր է կարդում եւ հետագա քայլերը որոշում:

– Ոչ, Սերժ Սարգսյանն ասել է, որ ցեղասպանության փաստը իր համար վիճելի չէ, սակայն նախագահի այն մոտեցում, որ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովում կարող է քննարկվել ցեղասպանության հարցը: Մենք ոչ թե վախենում ենք այդ քննարկումներից, այլ վստահ ենք, որ Թուրքիան իրական քննարկումներ չի անցկացնելու եւ դրա համար էլ դեմ ենք:

– ՀՅԴ-ն համաձայն չլինելով Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հետ` միաժամանակ խնայում է նրան, իսկ Նալբանդյանին անխնա քննադատում եք: Ի՞նչն է պատճառը, ՀՅԴ-ն պարտավորություններ ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ:

– Ոչ, մենք որեւէ պարտավորություն չունենք: Քոչարյանի ժամանակ ասում էին, որ նրա նկատմամբ պարտավորություններ ունենք, Սերժ Սարգսյանի նկատմամբ դեռ չեն արել: Մենք ասում ենք, որ եթե Սերժ Սարգսյանը չփոխի իր գիծը մենք կպահանջենք նաեւ նրա հրաժարականը, սակայն հրաժարական պահանջելը չի լուծում հարցը:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *