ԼՂՀ-ն չի կարող դուրս դրվել բանակցությունների գործընթացից»

by on 2009/07/24  •  In ԶԼՄ-ներում

«ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԼՂՀ-Ի ՇՈՒՐՋ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները մեկնաբանում է ՀՅԴ բյուրոյի գրասենյակի Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու, դաշնակցական գործիչ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ։

idefacto.am

– Պարոն Մանոյան, օրերս Ստեփանակերտում ՀՅԴ նախաձեռնությամբ կայացավ համաժողով, ուր շատ բացասական գնահատականներ տրվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներին, ընդունվեց համարժեք հայտարարություն։ Դրանից հետո ինչպե՞ս կմեկնաբանեք զարգացումները, արդյոք համաժողովն իր առջև դրված խնդիրը կատարե՞ց։

– Ինչպես հայտնի է, համաժողովում երկու հիմնական հարց էր դրված` հայ-թուրքական հարաբերություններ և Արցախի հիմնախնդիր։ Կարծում եմ, հատկապես Արցախի խնդրի հետ կապված` մենք համաժողովից ավելի մեծ արդյունքներ քաղեցինք, քան սպասում էինք։ Ճիշտ է, համաժողովի բացմանը զուգադիպեց ԼՂՀ նախագահի հայտարարությունը, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց ԼՂՀ-ի մասնակցության։ Միաժամանակ երևան եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հայտարարությունը, որն արդեն պաշտոնապես քողազերծեց մադրիդյան սկզբունքներ կոչվածը։ Այս ամենի հանրագումարում մենք համաժողովից քաղեցինք լուրջ արդյունքներ այն առումով, որ դրա միջոցով ԼՂՀ-ի ձայնն ավելի լսելի դարձավ ոչ միայն հայկական շրջանակներում, այլև միջազգային ասպարեզում։ Հայ հասարակության ուշադրությունը կրկին սևեռված է ղարաբաղյան հիմնախնդրի վրա և դա էլ համաժողովի կարևոր արդյունքներից մեկն է, թեպետ գործընթացը, անշուշտ, շարունակական է լինելու։

– Բակո Սահակյանի արագ արձագանքը համաժողովի բացմանը դաշնակցության հետ նախօրոք կայացած շփումների՞ արդյունք էր։

– Բնական է, որ դաշնակցությունը ԼՂՀ նախագահի հետ շփումներ ունեցել է մինչև համաժողովը։ Բացի այդ, համաժողովն էլ կազմակերպվել էր Բակո Սահակյանի հովանավորությամբ։ Այսինքն, եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների մասով, ապա Արցախի շուրջ ԼՂՀ ղեկավարության և մեր տեսակետները բավական մոտ են։ ՈՒստի համաժողովի բացման օրը ԼՂՀ նախագահի արած հայտարարությունը բոլորովին էլ տարօրինակ չէր, թեպետ չի կարելի ասել, թե ուղղակի հետևանք էր ՀՅԴ-ի հետ շփումների։ Արցախի ղեկավարությունը հետևում է բոլոր զարգացումներին և, բնականաբար, մշակում է իր դիրքորոշումը։

– Ըստ Ձեզ, այսօր ստեղծվե՞լ է հակասություն Հայաստանի և ԼՂՀ-ի դիրքորոշումների միջև։

– Չէի ասի հակասություն, բայց տեսակետների որոշակի տարբերություն կա։ Դա բնական է և, անշուշտ, պետք չէ վերածել սուր հակասության։ Որովհետև հայկական կողմն ընդհանրապես այս դաշտում պետք է շատ համախմբված հանդես գա։ Որպեսզի մենք ոչ միայն նվազագույն վնասով դուրս գանք այս գործընթացից, այլև, ինչու չէ, որոշակի ձեռքբերումներ ունենանք։

– Համաժողովից հետո փոփոխություն նկատե՞լ եք Հայաստանի իշխանությունների պահվածքի մեջ։ Այսինքն` կա՞ն ազդանշաններ, որ այդ գործընթացն իր ազդեցությունն ունեցել է իշխանությունների դիրքորոշման վրա։

– Ընդհանրապես, համաժողովի շուրջ բավական լայն արձագանքներ եղան ինչպես իշխանությունների, այնպես էլ դրան մասնակցող ու չմասնակցող քաղաքական ուժերի կողմից։ Այսօր դժվար է ասել, թե իշխանությունը դրա հետևանքով այսինչ շտկումը մտցրեց իր մարտավարության մեջ, բայց սխալ կլինի նաև պնդել, թե գործընթացն ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունեցել։ Առնվազն ես չեմ հիշում, որ մինչև օրս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ուղղակի նախօրեին Հայաստանի արտգործնախարարն այցելեր Ստեփանակերտ` ԼՂՀ նախագահի հետ խորհրդակցելու համար։

– Այդ փաստն այդքան խորհրդանշակա՞ն եք համարում։

– Այո, իհարկե։ Որովհետև նախկինում, սովորաբար, շփումները չունեին այդպիսի ընդգծված ժամանակային արտահայտություն։ Բանակցությունների ընթացքում կա՛մ Երևանից էին գնում Ստեփանակերտ, կա՛մ ԼՂՀ նախագահն էր Երևան հրավիրվում, բայց Սարգսյան-Ալիև բանակցությունների ուղղակի նախօրեին նման դրսևորում առաջին անգամ է։ Անշուշտ, չեմ ուզում ամեն ինչ վերագրել մեր նախաձեռնած գործընթացին, բայց որ այն, ընդհանուր առմամբ, ազդեցություն ունեցել է, անկասկած է։

– ՀՅԴ-ն հանդես եկավ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով։ Սկզբում հայտարարվեց, որ նույնիսկ ցույց կլինի, հետո ցույցը հետաձգվեց, և Ձեր պահվածքը քաղաքական դաշտում գնահատվեց բավական տարօրինակ։

– Ցույցը հետաձգելու միակ պատճառը Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի աղետն էր, հայտարարված էր սուգ ողջ երկրում, և մենք նպատակահարմար չգտանք այդ ողբերգության ֆոնի վրա այդպիսի քաղաքական միջոցառում իրականացնել։ Սակայն այդ օրը մամուլի ասուլիսով մենք հրապարակեցինք արտգործնախարարի հրաժարականի վերաբերյալ մեր պահանջը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից մեր դժգոհությունը հիմնավորող նամակները հանձնվեցին Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին։ Նաև այլ պետություններում այդ օրը համարժեք քայլեր են ձեռնարկել Հայ դատի գրասենյակների, սփյուռքահայ համայնքները։

– Որքան հայտնի է, հիմնականում Վաշինգտոնում ու Փարիզում։

– Վամինգտոնում, բնականաբար, մեր պահանջները ներկայացվել են ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, Փարիզում եղել է հանդիպում արտաքին գործերի նախարարությունում։ Մոսկվայում համապատասխան բովանդակության նամակը հանձնվել է Ռուսաստանի արտգործնախարարությանը, ինչպես նաև Մոսկվայում ֆրանսիական ու ամերիկյան դեսպանատներին։ Սակայն միջոցառումների ցանկը դրանով չի սահմանափակվել. իրանական Ջուղայում համապատասխան բովանդակության նամակը հանձնվել է ռուսական հյուպատոսությանը։ Թեհրանում միջոցառումներ այդ ուղղությամբ չեն իրականացվել դարձյալ ինքնաթիռի աղետը և զոհվածների հուղարկավորության հանգամանքը նկատի ունենալով։ Երուսաղեմում համապատասխան ուղերձը համայնքի կողմից հանձնվել է ֆրանսիական և ամերիկյան հյուպատոսարաններին, Արգենտինայում` բոլոր երեք երկրների դեսպանատներին։

Բոլոր նամակներում և ուղերձներում հիմնական շեշտադրումը եղել է այն, որ ԼՂՀ-ն չի կարող դուրս դրվել բանակցությունների գործընթացից և, որպես հակամարտության անմիջական կողմ, լիարժեք մասնակցության հնարավորություն պետք է ունենա։ Բացի այդ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հենված լինել 1988-ի իրողությունների վրա, այդ իրողությունները վաղուց գոյություն չունեն, 1991-ին և 2006-ին ԼՂՀ-ում երկու հանրաքվե է անցկացվել, և Արցախի հայությունը երկու անգամ հաստատել է Ադրբեջանից անկախ ապրելու իր ցանկությունը։

-Բոլոր այդ միջոցառումները ՀՅԴ Հայ դատի գրասենյակների՞ միջոցով են իրականացվել, թե՞ մասնակցել են սփյուռքահայ այլ կուսակցություններ ու կազմակերպություններ ևս։

– Ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ հաջողվել է այլ կազմակերպությունների ևս մասնակից դարձնել։ Ասենք, Ջուղայում նամակը ներկայացվել է տեղի հայոց ազգային խորհրդի կողմից։ ԱՄՆ-ում, ընդհակառակը, լայն հասարակական ակտիվություն կար, բազմաթիվ ամերիկահայեր իրենց անձնական նախաձեռնությամբ էին դիմում պետքարտուղարությանը` բացի այն աշխատանքից, որ իրականացրեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

– Ի դեպ, փոփոխություն է նկատվում նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շեշտադրումներում։ Միգուցե ՀՅԴ-ն օրակարգից հանի՞ հրաժարականի պահանջը։

– Խնդիրը հետևյալն է. մենք Հայաստանի իշխանություններին չենք ասում, թե դուք մադրիդյան փաստաթղթին կողմ եք։ Առաջարկում ենք նախագահին` չտալ իր համաձայնությունը կարգավորման այդպիսի տարբերակի։ Եթե նախագահը դրան արդեն համաձայնած լիներ, խնդիրն այլ տեսանկյունից կդրվեր։

Իսկ արտգործնախարարի հրաժարականը պահանջելու պատճառը միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները չեն։ Այդ բանակցությունների մեջ նա իր դերակատարությունն ունի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացում։ Փաստ է, որ Հայաստանի վրա լուրջ ճնշում կա, որպեսզի Երևանը համաձայնություն տա մադրիդյան սկզբունքներին նաև այն պատճառով, որ հայ-թուրքական բանակցություններում է առաջացել այդպիսի պահանջ։ Այդ բանակցություններն ընթացան այնպես, որ Անկարային հաջողվեց Արցախի հարցի կարգավորումը դարձնել նախապայման։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է լավատես լինել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հետ կապված, թեպետ պարզ չէ, թե ինչի վրա է հիմնված այդ լավատեսությունը։ Փաստ է, սակայն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում նախաձեռնությունն անցել է Թուրքիային, որն էլ պնդում է, թե մինչև ղարաբաղյան հարցը չկարգավորվի, Անկարան Հայաստանի հետ որևէ պայմանագիր չի ստորագրի։ Այս կացության պատասխանատուն մենք համարում ենք Հայաստանի գլխավոր դիվանագետին և պահանջում նրա հրաժարականը։ Հասկանալի է, որ արտաքին քաղաքականությունը վարում է հանրապետության նախագահը, բայց արտգործնախարարին փոխելու խնդիրն էլ նրա իրավասության շրջանակում է, և եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ տեղի է ունենում քաղաքականության փոփոխություն։

– Իսկ եթե տեղի չունենա՞։

– Մենք կշարունակենք շարժվել նույն ճանապարհով։ Այսինքն` որքանով իշխանությունները կշեղվեն Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգով և ռազմական դոկտրինով նախանշված քաղաքական կուրսից, մեր շեշտադրումները կունենան համապատասխան դրսևորում։

– Ինչո՞վ եք բացատրում, որ այլ ուժեր այսօր չեն համախմբվում դաշնակցության շուրջ այս հարցով։ Մինչդեռ մինչև 1998-ը, երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր, նման իրավիճակում բավական արագ և բազմաթիվ քաղաքական ուժեր ընդգրկող դաշինքներ էր ձևավորում։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ դա չկա։

– Այնքան էլ համամիտ չեմ, որ չկա։ Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովին տարբեր քաղաքական ուժեր էին մասնակցում։ Միգուցե ամեն ինչում մեզ հետ համաձայն չէին, բայց հիմնականում բոլորն էլ կողմնակից էին ընդհանուր ուղեգծին, որ առաջարկվեց մեր կողմից։ Ներառյալ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժը։ Այսինքն, ոչ թե համախմբում չկա, այլ 1998-ից հետո 11 տարում իրողություններ են փոխվել։ Որոշ շրջանակներ, մասնավորապես ծայրահեղ ընդդիմությունը, մեր նախաձեռնությանը որոշակի խանդով են վերաբերվում։

– Հայ ազգային կոնգրե՞սը նկատի ունեք։

– Այո՛, ավելի ճիշտ, նրա մի կարևոր մասը։ Որովհետև ՀԱԿ-ից հնչակյանները մասնակցեցին Ստեփանակերտի համաժողովին և նույնիսկ ավելի արմատական դիրքերից էին հանդես գալիս, քան մենք։ Ստացվում է, որ նրանք չէին կիսում ՀԱԿ-ի հռչակած քաղաքականությունը։ Որովհետև ՀԱԿ-ի կեցվածքը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներում բոլորովին էլ պարզ չէ։ Մեկ ասում են, որ այդպիսի փաստաթուղթը դավաճանության է համազոր, մեկ հայտարարում են, թե կարող է դառնալ բանակցությունների հիմք։ Բոլորն այս իրադարձությունների, համաժողովի լույսի ներքո հայտնվել են անորոշ վիճակում, իրենց կեցվածքն է հակասական, անելիքները պարզ չեն։ Այդ իսկ պատճառով էլ որոշակի խանդ կա, թե ընդդիմության դաշտում, կարծում են, իրենց գերակա դիրքը վտանգված է։

Մինչդեռ ներկա իրադրության մեջ խնդիրը բոլորովին էլ դաշնակցության տեսակետների շուրջ համախմբվելը չէ։ Պետք է համախմբվել ԼՂՀ-ի շուրջ։ Դրա համար էլ մենք այդպիսի հարցադրում չենք հնչեցնում, թե ինչու տարբեր ուժեր մեր շուրջը չեն համախմբվում։ Համախմբման առանցքը ԼՂՀ-ն է, որն արդեն հստակ հայտարարել է իր դիրքորոշումը։

– Կարծում եք, թե Օբամա-Մեդվեդև-Սարկոզի հայտարարությունը ենթադրում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշումն աճելու է, և վճռական պարտադրա՞նք կարող է լինել։

– Եկեք ընդունենք, որ այս հանգրվանում հիմնական շեշտադրումները գալիս են, այնուամենայնիվ, ԱՄՆ-ից և ոչ այնքան Ֆրանսիայից կամ Ռուսաստանից։ Թեկուզ այդ երկու երկրները ևս ստորագրել են հայտարարությունը, բայց գործընթացում առավել շահագրգիռ կողմն ԱՄՆ-ն է։ Վաշինգտոնը հետամուտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Իսկ քանի որ Թուրքիան Արցախի հարցը կրկին վերածել է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման նախապայմանի, ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, որպեսզի ինչ-որ արդյունք արձանագրվի, որն իր հերթին կհանգեցնի առաջընթացի հայ-թուրքական հարաբերություններում։ Այսինքն, Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները հավասար չափով չեն շահագրգռված այս հարցում։ Բայց ճնշումը մեծանում է, որովհետև Հայաստանի նախագահն ինքն է նշել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին հանգրվանը Թուրքիայում ֆուտբոլային խաղի անցկացման ժամկետներն են։ Այսինքն, մինչև հոկտեմբերի 13-14-ն այստեղ ինչ-որ տեղաշարժ պետք է լինի, հակառակ դեպքում չի բացառվում, որ Հայաստանը դադարեցնի բանակցությունները։ Համանախագահներն էլ այս համատեքստում ձգտում են ինչ-որ արդյունք ապահովել, ինչը, փաստորեն, հանգեցնում է ճնշման նաև Հայաստանի վրա։

– Ձեր գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի՞։

– Համենայն դեպս, այն ակնհայտորեն շեղված է, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզից», որն իրենից ներկայացնում է հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակացույցը։ Մենք, փաստորեն, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ արդյունքի հասնելու համար միջնորդներն անհիմն զիջումներ են առաջարկում Ղարաբաղի հարցում։ Ես կասկած չունեմ, որ համապատասխան ճնշում գոյություն ունի նաև Ադրբեջանի նկատմամբ, բայց դա մեր պրոբլեմը չէ, իրենց պրոբլեմն է։

– Թուրքիայի դերակատարությունը, ըստ Ձեզ, կրկին աճե՞լ է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, եթե Անկարային հաճոյանալու համար ճնշում է գործադրվում Հայաստանի վրա։

– Ո՛չ, Թուրքիայի դերը չի աճել ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, պարզապես ԱՄՆ-ը խնդիրներ ունի լուծելու տարածաշրջանում։ Թուրքիայի դերակատարությունը ոչ միայն նվազել էր, այլև Անկարան սկսել էր ավելի անկախ քաղաքականություն վարել։ ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը հնարավորություն տվեց նոր վերադասավորումներ անել, ձևականորեն շեշտել Թուրքիայի կարևորությունը։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ-ին պետք է ոչ թե Թուրքիային առաջ մղելու, այլ տարածաշրջանում ռուսական և իրանական ազդեցությունը սահմանափակելու համար։

Եթե ընդունենք, որ Հայաստանն առավելապես այդ երկու երկրների ազդեցության ներքո է, և դրա պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն է, ապա ԱՄՆ-ը փորձում է փոխել Թուրքիայի թշնամական կեցվածքը Հայաստանի նկատմամբ, որպեսզի տարածաշրջանում նվազեցնի Ռուսաստանի և Իրանի դերը։ Թուրքիան այս խաղի մեջ մտել էր, անշուշտ, իր ազդեցությունը մեծացնելու համար։ Բայց Անկարայի առաջնահերթություններն ինչ-որ պահի փոխվեցին, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը Թուրքիան այլևս մեծ կարևորություն չի տալիս։ Պարզապես չի ցանկանում, որ այդ գործընթացը նաև ամբողջությամբ մարի, որովհետև դրա միջոցով միջազգային համայնքին փորձում է ապացուցել, թե ինքը Հայաստանի հետ երկխոսության մեջ է, և կողմնակի միջամտություններով դրան, իբր, պետք չէ խանգարել։

Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ԻՐԱՎՈՒՆՔԸ de facto

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *