Մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու է նաև ՀՅԴ-ն

by on 2009/07/18  •  In ԶԼՄ-ներում


Aysor.am

«Արտաքին գործերի նախարարի փոփոխությունը նախագահին հնարավորություն կտա առնվազն արտաքին քաղաքականությունը փոխելու ազդանշան տալ», – կրկնելով ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականի մասին ՀՅԴ դիրքորոշումը՝ այսօր ասուլիսին իր կարծիքն արտահայտեց Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` նշելով, որ կուսակցության կողմից առաջադրված հրաժարականի պահանջը ուժի մեջ է:

«Մենք ցույցը հետաձգեցինք Թեհրան-Երևան օդանավի վթարի պատճառով, սակայն մեր պահանջները հրապարակեցինք և դրանք մնում են»,- ասաց նա:Պարզաբանելով կուսակցության նման դիրքորոշումը` բանախոսը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի «պատասխանատվությունն արտաքին քաղաքականության հարցում շատ մեծ է, չնայած, որ նախագահն է ամեն ինչ որոշում»:Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մենակ գործող արտգործնախարար Է. Նալբանդյանն է պատասխանատու Մադրիդյան սկզբունքների համար, Կ. Մանոյանը նշեց, որ դրանց համար չէ, որ կուսակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը:

«Մադրիդյան սկզբունքների համար չէ, որ այս ճակատում Էդվարդ Նալբանդյանին մենք ձախողված ենք համարում, այլ նրա համար, որ հասանք մի վիճակի, որ մեկ կողմից Թուրքիան թելադրում է, թե ինչ ենք անելու, մյուս կողմից՝ նրա հետ հաստատելու համար թուրքական կողմի պահանջով ինչ-որ բաներ արագացվում են: Դա դիվանագիտություն է, դիվանագիտության պատասխանատուն արտգործնախարարն է, և նրա հրաժարականը դրա համար է»,- ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը:

Կ. Մանոյանը նշեց, որ Մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու են նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց «միայն այնքանով, որքանով դրանք` որպես բանակցությունների հիմք են առաջարկված, և ոչ թե պարտադրվել են»:«Իրենց ժամանակ առնվազն ոչ ոք չէր պարտադրում»,- ասաց Կ. Մանոյանը:

Անդրադառնալով եռանախագահների համատեղ հայտարարությանը, բանախոսը նշեց, որ այն բավական դրական է, քանի որ շատ հետաքրքրված են հիմնախնդրի լուծումով, բայց միաժամանակ` պարտադրող և ճնշող: «Այդ ճնշումը Քոչարյանի և Օսկանյանի ժամանակ չէր եղել, և կարելի է ենթադրել, որ դիվանագիտությունն այդքան էլ չէր ձախողվել: Բայց այն, որ Մադրիդյան սկզբունքները մեջբերվեցին նրանց օրոք, այդ մասով պատասխանատու ենք նաև մենք: Միջնորդների կողմից մեջբերվելը մի բան է, մեկ այլ, որ ճնշում են քեզ, որ դու անպայման համաձայնես այդ սկզբունքներին»,- ասաց Կիրո Մանոյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *