«Լեռնային Ղարաբաղի ձայնը ավելի լսելի կդառնա»

by on 2009/07/18  •  In ԶԼՄ-ներում


Aysor.am

«Լեռնային Ղարաբաղի ձայնը ավելի լսելի կդառնա այսուհետ», -այսօր ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ բանախոսի, Մոսկվայում տեղի ունեցող Սարգսյան-Ալիև բանակցությունների նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ստիպված էր գնալ» Ստեփանակերտ և «երկու ժամ խորհրդակցել» ԼՂՀ նախագահ Բաքո Սահակյանի հետ, որից հետո նաև «շատ կարճ հայտարարությամբ հանդես գալ, որ երկու կողմերն էլ՝ ՀՀ և ԼՂՀ գտնում են անհրաժեշտ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անպայման մասնակցի բանակցություններին: Այդ տեսանկյունից, Կ.Մանոյանը նշեց, որ «մադրիդյան սկզբունքները», որոնք առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ունեն երկու սկզբունքային թերություն: «Մեկն այն է, որ ձևավորվել է առանց ԼՂՀ անմիջական մասնակցության: Եվ միջնորդ կողմերը, և ԵԱՀԿ գործող համանախագահը հայտարարում են, որ առանց ԼՂՀ տեսակետների չի կարելի հակամարտությունը կարգավորել, ինչն առավել ևս անհրաժեշտ է դարձնում, որ դրանք դարձնեն Լեռնային Ղարաբաղը բանակցությունների անմիջապես մասնակից: Սրանից ավել սպասելու տրամաբանություն իսկապես անհասկանալի է. եթե արդեն ձևավորվում են սկզբունքների շուրջ համաձայնությունները, անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն այս հանգրվանից իր տեսակետները պարզի՝ ուղղակիորեն մասնակցելով բանակցություններին»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, Մադրիդյան սկզբունքների երկրորդ թերությունն այն է, որ կարծես կոնֆլիկտը կանգ է առել 1988 թվականի կարգավիճակում: «Կարծես փորձում են 1988 թվականի տվյալներով հարցը լուծել: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանը 1988 թվականին համաձայնվեր հայկական պահանջներին` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելուն, շատ բան տարբեր կլիներ, և չէինք հասնի այս օրվան: Սակայն այդպես չեղավ. Ադրբեջանը բռնությամբ պատասխանեց` հարձակվեց, ռազմական գործողությունների դիմեց Արցախի դեմ, Ադրբեջանի տարածքից տեղահանեց հարյուր հազարավոր հայեր և ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Դաշտային Ղարաբաղից և այլն», – ասաց Կ.Մանոյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ դեպքերի այդ շարանում Արցախի ժողովուրդը երկու անգամ՝ 1991 թվականի անկախության և 2006 թվականի Սահմանադրության ընդունման հանրաքվեներով իր կամքն արդեն արտահայտել է:

«Չի կարելի անտեսել Արցախի ժողովրդի կամքի այս դրսևորումը և ասել, թե իրավականորեն մի նոր և պարտադիր կամքի դրսևորման քայլ պետք է անել», – ասաց Կ. Մանոյանը և հավելեց, որ «մադրիդյան սկզբունքներով» հիմնականում անտեսվում են 1988 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ինչը չի կարող բավարարել հայկական կողմին:

Կ.Մանոյանը նաև անդրադարձավ տարածքներ հանձնելու խնդրին, նշելով, որ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասն են:

«Այսօրվա տարածքները, որոնք կան, փաստորեն Արցախ են, Արցախ են, ոչ թե, որովհետև մենք ցանկանում ենք, որ «Արցախ» լինեն՝ պատմականորեն Արցախ են: Դաշտային Ղարաբաղը չկա այսօրվա տարածքների մեջ, իսկ «Լեռնային Ղարաբաղ» ասելով պետք չէ հասկանալ միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը կամայականորեն գծված սահմաններով, ճնշված սահմաններով տարածք է: «Լեռնային Ղարաբաղ» ասածը՝ փաստացի սահմաններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է», – նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *