Համանախագահողների հաշիվներում Թուրքիային բավարարելու խնդիրն է

by on 2009/07/18  •  In ԶԼՄ-ներում


Aysor.am

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր ասուլիսին իր տեսակետները հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոսկովյան երեկվա հանդիպումից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համածագանհողների հայտարարություններից:

Ըստ բանախոսի, Սարգսյան-Ալիև այս հանդիպումից Ղարաբաղյան բանակցային գործընթացում ոչ մի տեղաշարժ ակնկալել պետք չէր, թեև նախագահները հանձնարարել են իրենց երկրների արտգործնախարարներին աշխատելու աշնանը նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Կ.Մանոյանը նաև գտնում է, որ Մոսկվայում այսօր կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ևս ոչնչով չի տարբերվի երեկվա հանդիպումից:

«Կայացած հանդիպումից բավական մեծ ակնկալիքներ ունեին հատկապես միջնորդ կողմերը. ակնկալում էին, որ հանդիպմանը կլինի մեծ առաջընթաց»,-ասաց նա և հավելեց, որ, ըստ ԱՄՆ-ն ներկայացնող խմբի համանախագահող Մեթյու Բրայզայի՝ նման բան այդպես էլ չի եղել:

Կ.Մանոյանի խոսքերով, մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բավական մեծ ճնշում կար հատկապես հայկական կողմի վրա, և միջնորդները փորձում էին ինչ-որ մի բան ապահովել՝ մեկնարկ վերցնելով ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից, այլ ուրիշ «հաշիվներով»:

«Այլ հաշիվներում գլխավորը Թուրքիային բավարարելու խնդիրն է, քանի որ այն շարունակում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայման ներկայացնել Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը՝ Արցախի խնդրի շուրջ», -ասաց Կ.Մանոյանը:

Անդրադառնալով այդ տեսանկյունից հայ-թուրքական հարաբերություններին, Կ.Մանոյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողանա կատարել խոստումը և կգնա դիտելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև Ստամբուլում հոկտեմբերին կայանալիք ֆուտբոլային խաղը:

«Եթե նախագահն իր ասածի տերը լինի, որ գնալու է միայն բաց սահմանի դեպքում, ապա արդեն դիվանագիտական հարաբերութուններ հաստատող պայմանագիրն առնավազն պետք է ստորագրված լիներ»,- ասաց նա և հավելեց, որ ոչ մի հայ-թուրքական ի փաստաթուղթ մինչև հոկտեմբեր չի ստորագրվի, քանի որ մինչ այդ ժամանակ չի լուծվի նաև Արցախյան հակամարտությունը:

Բանախոսը գտնում է, որ ապրիլի 22-ին երկու երկրների արտգործնախարարությունների կողմից հռչակված ճանապարհային քարտեզը ձախողվում է, քանի որ ժամանակացույցը, նրա խոսքերով, չի աշխատում և քանի որ բոլորը սպասում են Թուրքիայի քայլին, որը, իր հերթին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը որպես նախապայման է ներկայացնում:
«Չնայած անընդհատ հայտարարում են, որ երկու խնդիրները իրար հետ կապ չունեն ու զուգահեռ են ընթանում, բայց այդպես չէ: Անհրաժեշտ է շեշտել, որ այդ երկու հարցերի կարգավորումը չպետք է իրար կապել: Եթե Թուրքիան այսպես շարունակի, Հայաստանը պետք է հայտարարի, որ բանակցությունները փակված են ու միայն այն ժամանակ սկսի, երբ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը և առանց նախապայմանների որոշի բանակցությունների մեջ մտնել», – ասաց Կ.Մանոյանը:

Կ.Մանոյանի կարծիքով, թուրքական կողմը, այնուամենայինիվ, փորձելու է որևէ հնարք գտնել, որ հայ-թուրքական սահմանը գոնե մեկ օրով բացվի, որպեսզի Հայաստանի նախագահը «մնա խաղի մեջ» և մեկնի Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *