Անհրաժեշտ է արտ­գործ­նա­խա­րա­րին փոխել

by on 2009/07/15  •  In ԶԼՄ-ներում

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ

Cdaily.am

-Ստեփանակերտում հուլիսի 10-11-ին տեղի ունեցած համաժողովի արդյունքում ընդունված բանաձևում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ խիստ շեշտադրումներ կան: Մասնավորապես՝ ՀՀ և ԼՂՀ իշխանություններից «ինքնավստահություն, իրատեսություն և քաղաքական կամք է պահանջվում, որ ճակատագրական հարցերում նրանք առաջնորդվեն բացառապես հայ ժողովրդի շահերով»: Արդյոք սա ոչ հայանպաստ արտաքին քաղաքականություն վարելու մեղադրա՞նք է իշխանություններին:

– Խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականություն վարելիս ինքնավստահություն, իրատեսություն և քաղաքական կամք ցուցաբերելուն, որպեսզի իշխանությունները կարողանան առաջնորդվել բացառապես հայ ժողովրդի շահերով։ Ինքնավստահություն՝ որպեսզի տուրք չտան արտաքին բացահայտ կամ քողարկված սպառնալիքներին, իրատեսություն, որպեսզի իրականությունը տեսնեն այնպես, ինչպես կա, և ոչ թե այնպես, ինչպես կցանկանային, որ լինի, քաղաքական կամք, որպեսզի կարողանան դժվարին որոշումներ ընդունել։ Այլապես՝ արտաքին ճնշումները իշխանություններին կշեղեն իրենց ցանկացած քաղաքական ուղուց։

– Համաժողովի ընթացքում արծարծվել է ՀՀ արտգործնախարարի հրաժարականի պահանջի հարցը: Ձեր դիրքորոշումն այս հարցում:

– Այո, համաժողովի ընթացում արտգործնախարարի հրաժարականը պահանջելու մասին առաջարկներ հնչեցին։ Հիմնավորումներն այն էին, որ ձախողվել է պետության արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների գծով: Այդ քաղաքականության պատճառով հարված է ստացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և այս սխալները սրբագրելու համար անհրաժեշտ է արտգործնախարարին փոխել։ Դաշնակցությունն այս հարցը քննարկում է և շուտով՝ հուլիսի 16-ին, ԱԳՆ շենքի դիմաց ցույց կանի և կհրապարակի կուսակցության որոշումը։

– Համաժողովին ընդունված բանաձևում ասվում է նաև, թե Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմեջ մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը Արցախի հարցում և իրականում չունի հարաբերությունների կարգավորման նպատակ: Ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է լինել իրավիճակին համարժեք Հայաստանի քայլը:

– Դաշնակցությունն արդեն երկու ամիս է, ինչ պահանջում է, որ այս պայմաններում ՀՀ իշխանությունները հայտարարեն Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։ Դրանից հետո, երբ Թուրքիան հրաժարվի նախապայմաններով խոսելուց, կարելի է բանակցությունները վերսկսել։

– Համագումարը հովանավորվել է ԼՂՀ նախագահի կողմից: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ բանաձևի պահանջը համահունչ է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշմանը:

– Այդ մասին պետք է հարց տալ ԼՂՀ իշխանություններին, բայց նույնիսկ համաժողովի բացման նիստի իր խոսքում ԼՂՀ նախագահը շեշտեց դա։ Հետևաբար, կարելի է ասել, որ առնվազն այդ հարցում համաժողովը դրական արձագանքեց ԼՂՀ նախագահի արտահայտած դիրքորոշմանը։

– Ձևաչափի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը. Հայաստանը պետք է դո՞ւրս գա բանակցություններից՝ տեղը զիջելով Ղարաբաղի՞ն, թե՞…

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում են, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումը տեղի չի ունենալու առանց Արցախի ժողովրդի տեսակետը հաշվի առնելու։ Արցախի ժողովուրդը երկու հանրաքվեներով՝ 1991 և 2006 թթ. իրագործել է իր ինքնորոշման իրավունքը, ունի պետություն, ունի ընտրված իշխանություն։

Եթե համանախագահներն անկեղծ են ԼՂՀ մասնակցության մասին իրենց հայտարարություններում, ուրեմն ԼՂՀ-ն պետք է ուղղակի և անմիջական կերպով մասնակցի բանակցություններին՝ որպես հակամարտության գլխավոր երկու կողմերից մեկը։ Հայաստանը պետք է շարունակի մասնակցել բանակցություններին՝ պայմանով, որ մասնակցի նաև ԼՂՀ-ն։

Երբ բանակցություններում խոսքը ԼՂՀ-ն անմիջապես ՀՀ-ին միացնելու մասին էր, բնական է, որ ՀՀ-ն կարող էր այդ դեպքում ներկայացնել ԼՂՀ-ի շահերը. սակայն երբ խոսքը վերաբերում է ինչ-որ անորոշ ապագա անորոշ կարգավիճակի, ապա պարզ է, որ ԼՂՀ-ն, ուղղակի մասնակցելով բանակցություններին, պետք է կարողանա իր տեսակետը հայտնել, և սա՝ անկախ եղանակից…

– Այժմ խոսվում է նորացված Մադրիդյան սկզբունքների մասին, որը, ինչպես և նախորդ առաջարկները, ենթադրում է փոխզիջումներ: Իսկ բանաձևում խոսվում է «համարժեք և հավասար փոխզիջումների» մասին: Որո՞նք են այդ համարժեք և հավասար փոխզիջումները:

– Ստեփանակերտում մեր կազմակերպած համաժողովի բանաձևում ասվում է. «Փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա և տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում»։

Իսկ «նորացված Մադրիդյան սկզբունքներում» խոսք չկա Ադրբեջանի կողմից որևէ զիջման մասին։ Մեր ակնարկած փոխզիջումները պետք է ճշտվեն բանակցային սեղանի շուրջ, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ, երբ Ադրբեջանը պատրաստ է ընդունել իրենից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած կարգավիճակ: Իսկ հենց այսօր Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ընդունի Ղարաբաղի նման կարգավիճակ։

Զրուցեց Արփի Մախսուդյանը
ԿԱՊԻՏԱԼ օրաթերթ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *