Հայության համախմբման նոր փուլ

by on 2009/07/13  •  In ԶԼՄ-ներում
Report.am

2009թ. հուլիսի 10-11-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Արցախյան հիմնահարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական համաժողով, որին մասնակցում էին 130 քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական եւ մշակութային գործիչներ Հայաստանից, Սփյուռքից եւ ԼՂՀ-ից: Միջոցառումը կազմակերպել էր ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը` «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ եւ ԼՂՀ նախագահի հովանավորությամբ:Միջոցառումն աննախադեպ էր` հայության երեք հատվածների մտավորական հզոր ներուժի ներգրավման առումով: Ըստ էության, առաջին անգամ էր նման ծավալի միջոցառում կազմակերպվում այդքան հրատապ հարցի շուրջ: Նախ պետք է նշել, որ տվյալ համաժողովի կազմակերպումն ինքնին պայմանավորված էր հարցի լայնամասշտաբ հասարակական քննարկման անհրաժեշտությամբ: Նախկինում երբեք ներկա իրավիճակի եւ հայկական կողմի հնարավոր դիվանագիտական ռազմավարության եւ մարտավարության շուրջ այսքան համակողմանի քննարկում չէր անցկացվել: Անկասկած, համաժողովի անցկացման համար խթան են հանդիսացել վերջին տարվա ընթացքում հայկական պետականության համար կարեւորագույն երկու հարցերի` հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բավական ակտիվ գործընթացները:

Հայկական հարցի երկու կարեւոր բաղկացուցիչների քննարկումը մեկ համաժողովի շրջանակներում առանձնահատուկ էր նրանով, որ նման ձեւաչափը հնավորություն էր տալիս միաժամանակյա քննարկում անցկացնել Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Չնայած նշված հարցերն իրարով պայմանավորելու անթույլատրելիության մասին պաշտոնական Երեւանի բազմաթիվ հայտարարություններին` իրական քաղաքականությունն, ըստ էության, հանգեցրել է նման կապակցման, ինչն առաջին հերթին ձեռնտու է Թուրքիային: Ֆորումի բազմաթիվ մասնակիցների ելութներում հնչում էր այս մտահոգությունը:

Ոչ պակաս կարեւոր գործոն էր նաեւ այն, որ համաժողովի անցկացումը համընկավ Իտալիայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների արած հայտարարության եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլում որպես բազային, այսպես ասած, Մադրիդյան սկզբունքները հրապարակելու հետ: Նման դեկլարացիայի ի հայտ գալը վերջին շրջանի դիվանագիտական ակտիվացման պայմաններում վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը թեւակոխել է բավական կարեւոր, եթե ոչ վճռորոշ փուլ: Հայկական կողմի համար արդեն իսկ նման հայտարարության փաստը բավական անբարենպաստ է, քանի որ վկայում է համանախագահ երկրների միջեւ առկա միասնականությունը եւ տարակարծությունների բացակայությունը, ինչը բարդացնում է Հայաստանի վիճակը եւ կտրուկ նվազեցնում մանեւրելու հնարավորությունները:

Ըստ էութայն, համաժողովն իրականացրեց մի շարք կարեւոր գործառույթներ: Նախ` հնարավորություն ընձեռեց ԼՂՀ ղեկավարությանը` լուրջ դաշտում ներկայացնելու իր դիրքորոշումները շատ հարցերի շուրջ: Ֆորումի բացման ժամանակ իր ելույթում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ մի շարք պրոբլեմների: Մասնավորապես, նա նշեց, որ ԼՂՀ-ն պնդում է բանակցություններում ամբողջական ձեւաչափի վերականգնումը` ընգծելով, որ այսօր Արցախը որպես բանակցությունների կարեւոր կողմ չի մասնակցում բանակցություններին: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԼՂՀ նախագահը նշեց, որ դրանցում եղած տեղաշարժերը չպետք է եւ չեն կարող վտանգ ներկայացնեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Ֆորումի բացման նախօրեին բավական արժեքավոր էր ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հայատարարությունն այն մասին, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորման գիծը ոչ թե Լաչինի երկայնքով է, այլ Քուռ գետի ափերով:

Նշվեց նաեւ, որ բանակցություններում Հայաստանն արտահայտում է իր կարծիքը, իսկ Ղարաբաղն ունի իր սեփական դիրքորոշումը, որը կհայտնի բանակցությունների կողմ դառնալուց հետո: Ընդհանրապես, զգացվում էր, որ ԼՂՀ ղեկավարությունը աշխատում էր պաշտոնական Երեւանի քաղաքականությանը տալ զգույշ եւ դիվանագիտական բնորոշումներ, այդուհանդերձ Ստեփանակերտում անցկացվող համաժողովում ՀՀ արտաքին քաղաքականության հասցեին հնչած խիստ քննադատությունը շատ բաների մասին է խոսում:

Ֆորումը նաեւ լուրջ հարթակ հանդիսացավ որպես ընդդիմադիր ուժ լուրջ հայտ ներկայացրած ՀՅԴ-ի համար: Միջոցառման անցկացումը Հայաստանի քաղաքական դաշտում ՀՅԴ-ին միանգամից առանձնահատուկ դիրք տվեց: Անմիջապես մարեցին ազգային հարցերում առաջնորդությունը ստանձելու եւ այդ ոլորտը սեփականաշնորհելու ՀԱԿ-ի նկրտումները: Քաղաքական առումով համաժողովի անցկացումն, անկասկած, մեծ հաջողություն էր ՀՅԴ-ի համար:Ֆորումում տեղ գտան հայ-թուրքականն հարաբերությունների եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման քաղաքական, պատմական, իրավական եւ բարոյական բոլոր ասպեկտները ներառող նախադեպը չունեցող քննարկումներ: Առանձնացնենք առավել հետաքրքիր պահերը. ՀՅԴ-ից Կիրո Մանոյանն ընդգծեց, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Թուրքիայի նպատակը Հայաստանը տնտեսապես թույլ եւ Թուրքիայից կախված հարեւան դարձնելն է: Դավիթ Լոքյանի զեկույցը նվիրված էր հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքներին: Համաձայն նշված հարցով ՀՅԴ կողմից անցկացված ուսումնասիրությանը` նկատի ունենալով Թուրքիայի տնտեսական քաղաքականության մեջ հովանավորչական հզոր իրողությունների առկայությունը` սահմանների բացմանը պետք է նախորդի Հայաստանի տնտեսական շահերը պաշտպանող օրենսդրական ակտերի ընդունումը: Իր ելույթում Արմեն Ռուստամյանն ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի շեշտակի փոփոխման անհրաժեշտությունը` առաջ քաշելով նաեւ ողջ Հայ Դատի հարցերի կարգավորման համալիր մոտեցում: Ղարաբաղյան հիմնահարցի ներքին եւ արտաքին ասպեկտների բավական հետաքրքիր վերլուծությամբ հանդես եկավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` խստորեն քննադատելով ՀՀ վերջին տարվա արտաքին քաղաքականությունը: Մի շարք բանախոսների ելույթներում եւս կարմիր թելի նման անցնում էր Հայաստանի ներքին վիճակի եւ արտաքին քաղաքականությն կուրսի փոխկապակցվածության մասին միտքը:

Ֆորումն իր բանաձեւերում սխալ ու անհեռատես համարեց 2009թ. ապրիլի 22-ին ստորագրած հայտարարությունը: Նշվեց նաեւ, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորվան բանակցային գործընթացը որպես հիմք պետք է ընդունի Արցախի ժողովրդի` արդեն կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվի 1991 թվականի հանրաքվեի արդյունքներով եւ 2006 թվականի ԼՂՀ սահմանադրությամբ: Չպետք է նաեւ շրջանցվեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ որոշ շրջանների գրավման եւ հայ փախստականների իրավունքի հարցերը: Փոխադարձ զիջումների առնչությամբ նշվեց, որ դրանք պետք է լինեն հավասարազոր, միաժամանակյա եւ իրենցից ներկայացնեն ամբողջական փաթեթային լուծում: Ֆորումը նաեւ անընդունելի համարեց միջազգային որեւէ փաստաթղթի ընդունում` առանց կոնֆլիկտի հիմնական կողմի` ԼՂՀ իշխանությունների:

Ընդհանուր առմամբ, համաժողովն ակնհայտորեն վեր հանեց Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բավական մեծ թիվ կազմող ուժերի եւ անձանց, որոնք անընդունելի են համարում Հայաստանի ղեկավարության այժմյան արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ: Համագործակցության դեպքում սա բավական լուրջ ուժ է, որի հետ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի նստեն: Ուժերի նման դասավորությունը կարող է նաեւ որոշիչ դեր ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում:

Վերջում ներկայացնենք մի բնութագրական «մանրուք». Համաժողովին ՀՀ արտգործնախարարությունը ներկայացված էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով, իսկ խորհրդարանական կուսակցություններից ներկա էին «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց Երկրի», «Ժառանգության» եւ, բնականաբար, ՀՅԴ ներկայացուցիչներ: Չէր մասնակցում միայն Հանրապետական կուսակցությունը:

ԴԱՎԻԹ ՀԱՐՈւԹՅՈւՆՈՎ
Ստեփանակերտ-Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *